Շնորհավոր Սուրբ Զատիկը!
Որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Սուրբ Զատիկը մեծ նշանակություն ունի հայ հոգևոր ավանդույթների մեջ: Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է: Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը: Զատիկին նախորդում է Մեծ Պահքը, որի վերջին շաբաթը՝ Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։ Ճրագալույցի Ս. Պատարագով ավարտվում է Մեծ պահքը, որից հետո մարդիկ վառված ճրագներ են տանում տուն՝ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի: Զատիկի շնորհավորանքը հնչում է այսպես․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» , որին ի պատասխան ասում են՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Հայերը այս յուրահատուկ տոնը նշում են մեծ ոգևորությամբ և շուքով: Այդ օրը քրիստոնյա հայերը հավկիթ են ներկում՝ որպես նոր կյանքի և վերածննդի խորհրդանիշ։ Հավկիթները ներկում են մուգ կարմիր գույնով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Սուրբ Զատիկի սեղանին դնում են չամիչով փլավ, ձուկ, թարմ և տապակած կանաչեղեն (ավելուկ, սպանաղ, և այլն)։ Իսկ գիտե՞ք՝ ինչ խորհրդանիշ ունի չամիչով փլավը։ Բրինձը խորհրդանշում է հայ ժողովուդրը, իսկ չամիչը՝ այն առաքյալներն են, որոնք տարածել են քրիստոնեությունը։
Սիրելի Հայեր Շնորհավորում ենք Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք բարեկեցություն, բարգավաճում և ներդաշնակություն։ Լցրեք ձեր կյանքը ոգեշնչումով և բարությամբ։ Հավատացեք լավագույնին, երազեք և սիրեք։ Խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն։
Dasaxos.am